ԱԻՆ-ի բժիշկների և հոգեբանների հետ կարելի է կապվել նաև տեսակապով. նախարար

ԱԻՆ-ն առաջարկում է ոչ միայն անվճար բժշկական խորհրդատվություն, այլև հոգեբանական աջակցություն տեսակապի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված և օրեցօր վատթարացող իրավիճակում Շտապ բժշկական օգնության ծառայության 1-03  և Առողջապահության նախարարության թեժ գիծը գերծանրաբեռնված են։ Այդ պատճառով արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է։ Facebook-ի իր պաշտոնական էջում նախարարը գրել է, որ ցանկացած խնդրի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 հեռախոսահամարին և շուրջօրյա անվճար բժշկական խորհրդատվություն ստանալ։

Կանայք, թե տղամարդիկ են ավելի շատ մահանում կորոնավիրուսից. Փաշինյանը թվեր է ներկայացրել

«#covid19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով՝ 060 712 444, 010 360 684»,- գրել է Ցոլակյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով։ Այս դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հոգեբանի հետ  +374 41 911 006 Վայբերի հեռախոսահամարով։

Նախարարը ևս մեկ անգամ հորդորել է քաղաքացիներին մնալ տանն ու խստորեն հետևել պարետատան ցուցումներին։ Նա առողջություն է մաղթել հիվանդներին և հավելել.

«Խիղճ և խաղաղություն բոլորիս...»։

Նախարարությունը բժշկական կենտրոններին հորդորում է օգնել COVID-ի դեմ պայքարում

Ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը Ֆելիքս Ցոլակյանը  մարտի 31-ից աշխատում է տնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում  նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ  68-ամյա նախարարը ռիսկային խմբում է, ուստի որոշում է կայացվել աշխատել հեռավար ռեժիմով։