Արևը չի օգնում. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Ռուսաստանի ու Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։

«Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բանակցություններ է անցկացրել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության կազմակերպման ու դեղորայքի ապահովման հարցերը», - նշված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշել են, որ Մուրաշկոն հայ գործընկերոջը հայտնել է կորոնավիրուսի բուժման վերաբերյալ նոր մեթոդական խորհուրդների նոր վարկածի թողարկման ու COVID-19-ի բուժման համար նախատեսված` ռուսական արտադրության նոր դեղորայքի գրանցման մասին։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

Թորոսյանը նշել է, որ ամառն ու Հայաստանում օդի ավելի քան 30 աստիճան ջերմաստիճանը դրական ազդեցություն չեն ունեցել կորոնավիրուսի տարածման դինամիկայի ու վարակվածների թվի վրա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ համաճարակային վիճակը երկրում վատանում է, բուժհաստատությունները չեն կարողանում ժամանակին հիվանդանոց տեղափոխել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66 674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 25-ից 30 հազար ասիմպտոմ դեպք կա․ Փաշինյան