«Մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար»․ Մակունցը՝ Ծառուկյանին

Լիլիթ Մակունցը վստահ է, որ որոշ մարդիկ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում փորձում են բարձրագոչ ելույթներ ունենալ, ներկայացնելով, իբր իրենք դա անում են «հանուն ժողովրդի ու պետության»։
Sputnik

ՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, դրանք որակելով «պատերազմական վիճակում դավադիր գործողություններ» պետության դեմ։

Իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի. Գագիկ Ծառուկյան

«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ»,-նշել է Մակունցը։

Նրա խոսքով՝ որոշ մարդիկ ստեղծված իրավիճակը փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:

«Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:Այո՛, չունենք ապարանքներ, և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ, այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը»,-շեշտել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Նա ափսոսում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքում, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ:

Հիշեցնենք` երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։

Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված, որ կարողանար ժողովրդի սպասելիքներն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվել։

Փաշինյանի խոսնակը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։

Նա ասել էր, որ կարծում է` պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:

Նրա խոսքով՝ եթե Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է։

Նշենք`հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով` ապացույցները կեղծելու և գույքային վնաս պատճառելու համար։

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության տնօրենին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել