ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ COVID-19–ի առկայության կասկածանքով հունիսի 4–ին նրանից փորձանմուշ է վերցվել: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
«Տեղափոխման ընթացքում, թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած կացարան)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դեռևս ապրիլից կանխարգելիչ համալիր միջացառումների շրջանակում հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ:
Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի
Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոցի» տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի:
Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66 674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելումուտը կփակվի. բռնկման պատճառը թաղման մասնակցելն է