ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ֆեյսբուքյան ֆլեշմոբին, ասաց, որ անհատական տվյալների պաշտպանության գործակալության պատասխանատուների հետ քննարկել է Facebook սոցցանցում լուսանկարներ հրապարակելու թույլատրելիության հարցը։
«Հարցը քննարկել ենք անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ և, ըստ էության, բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո` այդպիսով թույլատրել են բոլորին վերահրապարակել դրանք»,–ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է մյուս լուսանկարներին, ապա Փաշինյանը նշեց, որ եթե մեկին բերման են ենթարկում, իսկ մեկ ուրիշն ուղիղ եթերով դա ցուցադրում է` ինչո՞ւ է դա կարելի, իսկ ոստիկանության կատարած գործողությունները լուսաբանել չի կարելի։
Անդրադառնալով ռեստորաններից մեկում ոստիկանական համազգեստով «բեմականացմանը` Փաշինյանը խայտառակ միջոցառում որակեց այն։
Արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը` ոստիկանական համազգեստով «ներկայացման» մասին
Առավոտյան վարչապետը տեսանյութ էր հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանական համազգեստով երկու երիտասարդ հայտարարում, որ երկրում արտակարգ դրություն է, զանգվածային միջոցառումներն արգելված են և հյուրերին խնդրում են կես ժամվա ընթացքում դադարեցնել միջոցառումը։ Բայց պարզվում է՝ այդ ամենն ընդամենը բեմադրություն է: Այնուհետև ուժային կառույցների համազգեստով մի խումբ երեխաներ սկսում էին պարել ժամանակակից ռիթմերի ներքո:
Փաշինյանը Facebook-ի իր էջում այսօր նաև լուսանկար էր հրապարակել, որտեղ մի աղջիկ մետրոյով երթևեկում էր առանց դիմակի և ձեռնոցի։ Լուսանկարի մեկնաբանություններում օգտատերերը վիրավորական արտահայտություններ էին գրել աղջկա հասցեին։ Փաշինյանն ավելի ուշ ջնջել էր այդ լուսանկարը և ներողություն է խնդրել բոլոր այն քաղաքացիներից, որոնց հասցեին իր էջում «որևէ թթու խոսք է հնչել»:
Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում հասցեին որևէ թթու խոսք է հնչել. Փաշինյան
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբ է սկսել` քաղաքացիները նրան ուղարկում են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խախտում հակահամաճարակային պայմանները։ Փաշինյանն այդ լուսանկարները հրապարակում է իր ֆեյսբուքյան էջում։