«Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը կլինի հունիսի վերջին». Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առայժմ դեռ ծանրանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց` այն կարծիքին են, որ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը կլինի հունիսի վերջին։

«Սակայն ոչ ոք վստահ չէ, որ պիկը կլինի ոչ թե հոկտեմբերին, այլ հունիսի վերջին»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` մենք պետք է կարողանանք հիվանդանալ ու վարակվել այնքան, ինչքանով մեր առողջապահական համակարգն ունենա մահճակալային տեղ։

Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին, երբ քաղաքացիները սկսեցին իրեն լուսանկարներ ուղարկել, բացահայտվեց, որ ՀՀ–ում կա ընդհատակյա կյանք` ի հեճուկս հակահամաճարակային կանոնների։

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ըստ նրա, առայժմ դեռ ծանրանում է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։