Ինչու են առողջացածների տվյալները նվազել. Փաշինյանը հայտնեց հաշվարկի նոր սխեմայի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պարետատան նիստում տոտալ կամ մասնակի սահմանափակումների գնալու որոշում չի կայացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Եթե նախկինում առողջապահության նախարարությունը տեղեկացնում էր կորոնավիրուսով վարակվածներից բոլոր առողջացածների տվյալները, ապա հիմա այդ մեխանիզմը փոխվել է։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը կլինի հունիսի վերջին». Փաշինյան

«Հիմա հայտնում ենք միայն ծանր և առանձնապես ծանր վիճակում գտնվողների առողջացման տվյալները, այսինքն` միայն հոսպիտալացվածների»,–ասաց Փաշինյանը։

Նա բերեց իր և իր ընտանիքի անդամների օրինակը` ասելով, թե քանի որ առանց ախտանշանների է ընթանում իրենց մոտ վարակը, և չեն հոսպիտալացվել, ապա հետո իրենց տվյալներն ընդգրկված չեն լինելու առողջացածների ցանկում։

Անդրադառնալով հետագա անելիքներին` վարչապետը նշեց, որ այսօր տոտալ կամ մասնակի սահմանափակումների գնալու որոշում չի կայացվել։ Ըստ նրա` նման որոշում չի կայացվի այնքան ժամանակ, քանի դեռ նման հնարավորություն կա։ Փաշինյանը նշեց` հավատում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու վարքի փոփոխությանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Ամեն ինչ օրենքի սահմաններում է. Փաշինյանը մեկնաբանել է լուսանկարներ հրապարակելու փաստը

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։