Հայաստանում նմուշառման փայտիկների սղություն կա. առաջիկա օրերին մեծ խմբաքանակ է սպասվում

Կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների խնդիրը կա ամբողջ աշխարհում։ Հայաստանը բացառություն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Այս պահին Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն կա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` շեշտելով, որ խնդիրն առկա է ողջ աշխարհում։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ):Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նիկողոսյանի խոսքով`առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին:

Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

«Հիվանդությունը կա, վիրուսը կա». ինչ է հորդորում կորոնավիրուսով վարակված տղամարդը