«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

Լոռիում կորոնավիրուսով վարակված 251 մարդ կա, ավելի քան 50 տոկոսը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Տեղեկացնեմ, որ վարակվածների թիվը ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում»,–գրել է մարզպետը։

Նա տեղեկացրել է նաև, որ Լոռու մարզում այսօրվա դրությամբ 251 մարդ է կորոնավիրուսով վարակված, առողջացել են 67–ը, եղել է մահվան մեկ դեպք: Լոռիում մեկուսացված է 621 մարդ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում երևում էր` ինչպես են «Գլորիայի» աշխատակիցները փորձում բարձրանալ ավտոբուս։ Լուսանկարից պարզ էր դառնում, որ ավտոբուսում չեն պահպանվում հանրային տրանսպորտի համար սահմանված պահանջները։ Աշխատակիցները թեպետ դիմակներով էին, բայց առանց ձեռնոցների։ Բացի այդ, լուսանկարից կարելի էր ենթադրել, որ ավտոբուսը գերբեռնված է։

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Դրան հաջորդեց կարի ֆաբրիկայի աշխատանքը երեք օրով դադարեցնելու որոշումը։

«Լոռու մարզպետը քեֆ է անում, բայց ասում են` ժողովուրդ, լավ չնստեցիք ավտոբուս». Մարուքյան