ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ «Մատչ ՏՎ»-ի գլխավոր տնօրեն, հայտնի հաղորդավար ու բիզնեսվումեն Թինա Կանելակին Instagram-ի իր բաժանորդներին ֆինանսական խորհուրդներ է տվել ու ասել է, որ կարիերայի սկզբում ընկերուհիներից շորեր է խնդրել եթեր դուրս գալու համար։
Նա խոստովանել է, որ իր մանկությունը շքեղությունից զուրկ է եղել ու հիշել է, որ երբ իր առաջին 50 դոլարն է վաստակել, տվել է մորը, որպեսզի սնունդ գնի։
«Այն ժամանակ հանդերձապաններ չունեինք, ու նորաստեղծ երիտասարդական հեռուստատեսությունում ամեն անգամ տարբեր զգեստներով փայլելու հնարավորություն չկար։
Նա նշել է, որ հիմա աշխարհը մրրկայնության նոր գոտում է հայտնվել։ Այդ համատեքստում նա մեջբերել է գործարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը․ ««Մարդկությունն այժմ գտնվում է կատարյալ փոթորկի իրավիճակում»։ Կանդելակին վստահ է, որ մոտ ապագայում մարդկային հարաբերությունների կոորդինացնող համակարգը լրիվ նոր ձև է ունենալու, սակայն փողը շարունակելու է դրա կարևոր մասը մնալ։
«Ես երբեք պարտքով գումար չեմ վերցրել, նույնիսկ եթե շատ եմ ունեցել դրա կարիքը։ Պարտքով գումար տալը, հատկապես՝ տոկոսով, ընդհանրապես սխալ է։ Ավելի լավ է նվիրել գումարն ու մոռանալ։ Օգնել ու պատասխան չսպասել։ Իմ ինքնազգացողության համար դա լավագույն տարբերակն է»,- գրել է նա։
Կանդելակին խորհուրդ է տվել ներդրում անել անշարժ գույքի՝ բնակարանների ու ամառանոցների շուկայում, իսկ եթե գույքն արդեն կա, ապա ներդրում անել սեփական առողջության ու կրթության համար։ Նա կարծում է, որ Ralph Lauren-ի ոսկե զուգարանակոնք ունենալ ու դղյակում ապրելը հավես է, բայց անիմաստ։ Նա վստահ է, որ եթե միջին դասը «վերանա», հարուստների ու աղքատների միջև եղած հակասություններն էլ ավելի կրիտիկական կդառնան։
«Այդ ժամանակ խռովություններ կլինեն, ինչպես հիմա Ամերիկայում կամ Ֆրանսիայում։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ Ջորջ Ֆլոյդի հետ կապված միջադեպը քաղաքացիական պատերազմի դրվագ է։ Այդպիսի աշխարհում ընչաքաղց լինելը հիմարություն է։ Այդ պատճառով գումարը ծախսել ու ներդնել է պետք միայն սեփական անձի մեջ», - ամփոփել է բիզնեսվումենը։
Ինչպես հայտնի է՝ Կանդելակիի երակներում հայի և վրացու արյուն է հոսում, մայրական կողմից նա հայուհի է, հոր կողմից՝ վրացի։ Հայրը՝ Գիվի Շալվովիչ Կանդելակին, հունական ծագումով վրացի է, մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը՝ բժշկուհի։ Թոշակի անցնելուց հետո ամուսիններն ապրում են Մոսկվայում։