ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի –Sputnik. Մարդկությանը չիպավորելու դավադրության թեորիաները չափազանց անհեթեթ են դրանք հերքելու համար։ Այսպես է կարծում Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը, հայտնում է Business Insider–ը։
Սոցցանցերում և ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ իբրև թե Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը ցանկանում է COVID-19 դեմ պատվաստանյութն օգտագործել մարդկանց չիպավորելու և հետևելու համար։
«Երբեք միկրոչիպերով չեմ զբաղվել։ Այնքան հիմար և անհեթեթ է այդ ամենը, որ գրեթե անհնար է հերքել», – հայտարարել է ամերիկացի գործարարը։
2018-2019 թվականներին Գեյթսի հիմնադրամի տրամադրած միջոցները կազմել են ԱՀԿ-ի բյուջեի 10%–ը։ Մասնավորապես, հիմնադրամը ֆինանսավորում է դեղորայքի և պատվաստանյութի հետազոտությունները։
ՌԻԱ Նովոստին իր հերթին հայտնում է, որ ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն ավելի վաղ չիպավորման մասին լուրերն անվանել էր «բացարձակ հիմարություն» և «անհաջող պատվեր»։
Նա հավելել էր, որ եթե որևէ մեկը ցանկանար դա պրակտիկայում իրագործեր, ապա վաղուց արած կլիներ, օրինակ, գրիպի դեմ պատվաստման միջոցով։ Նա նման տեղեկատվական լցոնումները նա անվանել է «որոշ մարդկանց շիզոֆրենիկ զառանցանք»։
Օնիշչենկոյի կարծիքով` ՌԴ քաղաքացիները, ինչպես և այլ պետությունների բնակիչներ, դրական կվերաբերվեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորությանը, քանի որ գիտակցում են նրա անհրաժեշտությունը։
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ
Worldometer համաշխարհային վիճակագրության կայքի համաձայն` հունիսի 5-ի դրությամբ, աշխարհում COVID-19–ով բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6.7 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 393 հազար մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։