Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան

Ստուգայցերի մասին նախապես չեն ասում, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողներն անակնկալի գան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Մարտի սկզբից մինչ օրս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 22 000 ստուգողական այց է կատարել, որոնց արդյունքում 1490 տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է` հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Ասոյանը։

«Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը կլինի հունիսի վերջին». Փաշինյան

«Միայն այսօր 796 ստուգում է իրականացվել, ինչի արդյունքում 220 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել։ Մեկ շաբաթ է` հատուկ գործողություններ ենք կատարում ոստիկանության հետ, և արդեն եղել ենք Դավթաշեն, Նորք–Մարաշ, Արաբկիր համայնքներում»,–ասաց Ասոյանը։

Նրա խոսքով` իրենց ստուգայցերի մասին տնտեսվարողներին կանխավ չեն ասում, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողներն անակնկալի գան։

Ասոյանը նշեց, որ տնտեսվարողների գործունեության կասեցման սահմանափակումները գնալով խստացվել են` 6 ժամից 72 ժամի հասնելով։ Ի դեպ, պետական կառույցները նույնպես ներառված են ստուգման ենթակա կառույցների ցանկում։ Ասոյանը հայտնեց` այսօր կասեցրել են կառավարության 1, 3 տներում գործող հանրային սննդի կետերը, բուժհաստատության գործունեություն է կասեցվել։

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում պաշտպանիչ դիմակով լինելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

Արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը` ոստիկանական համազգեստով «ներկայացման» մասին