ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Ամերիկյան Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը որոշել է լքել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը՝ իր տեղը զիջելով աֆրոամերիկացու։ Տեղեկությունը հայտնում է Super–ը:
«Ես սա անում եմ ինձ համար, ընտանիքիս ու երկրիս համար։ Որպես հայր, որը պետք է պատասխանի իր դստեր այն հարցին, թե ե՛ս ինչ եմ արել»,– ասել է Օհանյանը։
Նա կհետևի, որ իր փոխարեն սևամորթ թեկնածու վերցնեն, իսկ Reddit-ի հետագա եկամուտները կփոխանցի ռասայական ատելության դեմ պայքարին:
34-ամյա Օհանյանը հավելել է, որ իր որոշումն արտացոլում է Reddit-ի ապագայի հանդեպ վստահությունը և իր մասնագիտական էներգիան առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտ (բլոկչեյն) ուղղելու ցանկությունը: Նա կաշխատի Initialized Capital վենչուրային ընկերությունում։
Օհանյանի կարողությունը գնահատվում է 9 միլիոն դոլար։
Հիշեցնենք` ամերիկյան Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ից բողոքի ակցիաներ են անցկացվում սևամորթ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու աղմկահարույց դեպքից հետո։ Ձերբակալությունից կարճ ժամանակ անց տղամարդը մահացել էր:
Բողոքի ցույցերը, որոնց նշանաբանը դարձել է Ֆլոյդի վերջին խոսքը՝ չեմ կարողանում շնչել, դուրս են եկել Մինեապոլիսի սահմաններից` ընդգրկելով Ամերիկայի այլ քաղաքներ ևս։
Մի շարք ընկերություններ սևամորթ բնակչությանը սատարելու ակցիաներ են նախաձեռնել։