Իրենք ունեն մտածելու տեղ. ԱԱԾ տնօրենը` Գուրգեն Խաչատրյանի անհետանալու մասին

ԱԱԾ–ն ստուգել է լուրերն այն մասին, որ Գուրգեն Խաչատրյանը Ռուսաստանում է գտնվում. դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի անհետանալու փաստը բացահայտելու համար ԱԱԾ–ն աշխատանքներ է իրականացնում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

«Իրենք ունեն խնդիրներ և մտածելու տեղ, որ անհետացել են։ ԱԱԾ–ն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հարցն այն է, որ մենք մինչ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել նրա նկատմամբ, և մարդու տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվել»,–ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` ՀՀ սահմաններում Խաչատրյանի տեղաշարժը չի ֆիքսվել։ Անդրադառնալով լուրերին, թե Խաչատրյանը Ռուսաստանում է գտնվում` ԱԱԾ տնօրենը նշեց, որ ստուգել են այդ տեղեկությունը. այն իրականությանը չի համապատասխանում։

Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 4-ին ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը չի ներկայացել նախաքննական մարմին, թաքնվել է քննությունից, այդ պատճառով էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանն ընտրել է կալանավորումը։

Դրանից մեկ օր առաջ` մայիսի 3-ին, Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր նկատմամբ բոլոր կիրառվող միջոցները որակել էր իրենց ընտանիքի ստեղծած «հաջողված բիզնեսները կազմաքանդելու» փորձ:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանին, ապա նա մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար և կալանավորված է: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին». Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը