«Հայրիկներ ջան, էս թարգեք, ցավներդ տանեմ»․ Փաշինյանը ցույց է տվել ոստիկանների աշխատանքը

Տեսանյութում երևում է` ինչպես են ոստիկանության աշխատակիցները տաղավարում հավաքված նարդի խաղացող տասից ավելի տարիքով տղամարդկանց տուն ուղարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր Facebook-ի իր էջում հրապարակել հակահամավարակային միջոցառումները չպահպանելու դեպքերի վերաբերյալ լուսանկարներ ու տեսանյութեր։ Այս անգամ վարչապետը հրապարակել է տեսանյութ, որում ոստիկանության աշխատակիցները տաղավարում հավաքված և նարդի խաղացող տասից ավելի տարիքով տղամարդկանց տուն են ուղարկում։

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

«Սոցցանցերի հրապարակումների հետքերով. կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում», - տեսանյութին կից գրել է վարչապետը։

Տեսանյութում ոստիկանները մոտենում են բակային տաղավարին, որտեղ ոչ ոք այդ պահին դիմակ չէր կրում։

«Հայրիկներ ջան, ո՞ւր են ձեր դիմակները, ինչո՞ւ եք էսպես մոտ նստած, էս ամեն ինչը թարգեք, գնացեք, ձեր ցավները տանեմ», - քաղաքացիներին դիմում է ոստիկաններից մեկը։

Մի քանի տղամարդիկ հանում են իրենց գրպաններից դիմակներն ու դնում, մի քանիսն էլ սկսում են վիճել ոստիկանների հետ, թե՝ նստած խաղում ենք, ո՞ւմ ենք վնասում, ի՞նչ իրավունքով եք խանգարում։

Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին համացանցով ու հեռուստացույցով լուրերին հետևել, որպեսզի իմանան՝ ինչ իրավունքով են իրենց «խանգարում»։

Պարետը չի բացառում կարանտինային ռեժիմ սահմանելու հնարավորությունը

«Մանավանդ ձեր տարիքում` չի կարելի սենց բաներ անել, գնացեք տներով», - ասում է ոստիկաններից մեկը։

Ոստիկանների նկատողությունից ակնհայտորեն դժգոհ քաղաքացիները փակում են նարդիներն ու հեռանում։

Հիշեցնենք` կորոնավիուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է։ ՀՀ կառավարությունը վերջերս որոշում ընդունեց, որի համաձայն՝ արտակարգ դրությունը կգործի մինչև հունիսի 13-ը։ Երկրում պարտադիր է դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը, ախտանշաններ ունենալու դեպքում բուժկենտրոններ դիմելը։