«Պուշկինը» ռեստորան է Սան Դիեգոյում, այդպիսի հաստատություններն Ամերիկայում շատ-շատ են, բայց դրանցից քչերի սեփականատերերի մտքով է անցել կոչել այն մեծագույն ռուս պոետի անունով։ Ազգությամբ հայ Հայկ Ղազարյանն այդ քչերից մեկն է։ Դժվար է կռահել, թե ինչու Պուշկին և ոչ թե, օրինակ, Սայաթ Նովա, ինչպես Չիկագոյի ռեստորաններից մեկի դեպքում է, որի տերը նույնպես հայ է։
Գուցե Հայկ Ղազարյանը սովորել է Երևանի Պուշկինի անվան դպրոցում և շատ է սիրել դպրոցը։ Բացառված չէ, որ մինչև ԱՄՆ տեղափոխվելը մեր հայրենակիցը Մոսկվայում է ապրել, հաճախ է այցելել Տվերսկայա փողոցի «Պուշկին» ռեստորանը, որտեղ ամեն ինչ բարձրագույն դասի է, և ցանկացել է նույնը կրկնել Կալիֆոռնիայում։ Չի կարելի բացառել նաև ամենապարզ տարբերակը՝ Հայկ Ղազարյանը սիրում է Պուշկինի բանաստեղծությունները։
ԱՄՆ-ում հետզհետե ազգային աղետի վերաճող անկարգությունները սկսվել են սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինի ոչ պրոֆեսիոնալ գործողություններից։ Մահացել է սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Ոչ պրոֆեսիոնալ, քանի որ ծնկով սեղմելով գետնին պառկած Ֆլոյդի պարանոցը, ոստիկանը փակել է նրա շնչառությունը և բառացիորեն «գործն ավարտին հասցրել»։
Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ մաշկի տարբեր գույն ունեցող մարդկանց հակասություններով լցված վառոդի տակառը պայթում է։ Եվ Ամերիկան միակ երկիրը չէ, որտեղ արտահայտվում են այդ հակասությունները։ Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում Նահանգներում, որոնք արդեն դժվար է «միացյալ» անվանել, գերազանցում է ամենավատ սպասելիքներն ու ավելի շատ պատերազմ է հիշեցնում, որտեղ հաղթողի դերում են կատաղած ամբոխներն ու կողոպտիչները։
Եվ անհնազանդության ալիքը`սեփական անպատժելիությունից և ոստիկանության անզորությունից էլ ավելի ոգևորված, վերածվեց ցունամիի, հասավ Կալիֆոռնիա, մտավ Սան Դիեգո, մոտեցավ «Պուշկին» ռեստորանին. իսկ նրանց ձեռքերին քարեր, Մոլոտովի կոկտեյլներ ու մետաղական ձողեր էին (Երևանի հայտնի դեպքերից մեզ ծանոթ պատկեր)։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո։
Հայկ Ղազարյանը հասկացավ, որ ուր-որ է՝ իր ռեստորանը ջարդուփշուր կանեն, որ ինքը մենակ հաստատ գլուխ չի հանի, առաջին պահին կարծեց` որևէ բան հնարավոր չէ անել։ Պարզվեց՝ հնարավոր է։
Հատված հայ ռեստորանատիրոջ՝ ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցից․
«Ես հասկացա, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել։ Իմ ընկերները` այստեղի հրեաները, հայերը, ռուսները, ուկրաինացիները, ադրբեջանցիները` բոլորը միավորվեցին։ Դե, բոլորը զենքի արտոնագրեր ունեն։ Մոտ տասը մարդ հավաքվեց՝ իմ ընկերները, ռեստորանի հյուրերը, որոնց հետ մենք միշտ ժամանակ ենք անցկացնում, որոնց այս ռեստորանն ամենից շատ է դուր գալիս։ Բոլորն իրենց հետ զենք էին վերցրել»,-պատմում է ռեստորանատերը։
Այնուհետև Ղազարյանն իր ընկերների հետ դուրս է գալիս և կանգնում հաստատության դռների մոտ։ Իրավիճակը լիակատար վերահսկելու համար ներսում որսորդական հրացաններով զինված երկու մարդ են թողնում։ Այսպես նրանք ուզում էին ցուցարարներին հասկացնել իրենց մտադրությունների լրջությունը։ Արդյունքում կատաղած ամբոխն ուղղակի անցնում է ռեստորանի կողքով, «Պուշկինին» ոչ ոք չի համարձակվում ձեռք տալ։
Այժմ ամենակարևորի մասին, որին մեր ընթերցողը գուցե և ուշադրություն չդարձրեց։ Ընդհանուր դժբախտությունից պաշտպանվելու համար միավորվեցին հայերը, հրեաները, ադրբեջանցիները, ռուսները, ուկրաինացիները...։ Վեցը մեկում։ Միևնույն գործում։
Մեզ համար այստեղ առանցքային բառը «ադրբեջանցին» է։ Ադրբեջանցին զենքը ձեռքին ելել է հայի ունեցվածքը պաշտպանելու՝ անհավանական երևույթ, բայց և ակնհայտ փաստ։ Չէ՞ որ այդ մասին անվստահելի մեկը չի պատմել, այլ Հայկ Ղազարյանը. սա այն դեպքն է, որ չի կարելի չհավատալ։ Այլ հարց է`ուզու՞մ ենք արդյոք հավատալ։ Ես ուզում եմ։
Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ
...Երկու խոսք ակնհայտի մասին։ Հրկիզում ու ջարդուփշուր են անում ոչ միայն Սան Դիեգոյում, և տարբեր ազգությունների ամրակազմ տղամարդիկ բնակվում են ոչ միայն Սան Դիեգոյում, ու ամբոխի կամայականությունների դեմ վրդովվում ու բողոքում է ոչ միայն Սան Դիեգոն։ Բայց ամերիկացիների ինքնապաշտպանության մասին` զենքով կամ առանց զենքի, լուրեր չկան։ Ոստիկանությունը միայն տպավորություն է ստեղծում, թե ակտիվ է, իսկ ջարդարարները սոսկալի եռանդով իրենց գործն են անում։ Եվ ի՞նչ։
Ամերիկան պետք է ընտրություն անի ռասիզմի և անարխիայի միջև
Հարևաններից մեկը ռեստորանի մոտ կանգնած տղամարդկանց լուսանկարել է, և տեղադրել սոցիալական ցանցերում ու գրել. «Ռուսական մաֆիան է՝ մինչև ատամները զինված»։ ՌԻԱ Նովոստիի թղթակցին տված հարցազրույցում Ղազարյանն այդ մեղադրանքը կատակի վերածեց․«Ամերիկայում սիրում են այդ արտահայտությունը։ Պարզապես հավաքված մարդկանց մաֆիա են անվանում»։ Նրա խոսքով՝ չի պատրաստվում հարևանին հակառակը համոզել՝ Աստված նրա հետ։ Կեցցե՛ս, Ղազարյան, Պուշկինը հավանություն կտար։