ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը` Նազելին, շուրջ երեք ամիս հիվանդանոցում բուժում ստանալուց հետո, այսօր վերջապես ծննդավայր` Գյումրի գնաց։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն, որտեղ բուժում էր ստանում երեխան, Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել` հայտնելով լուրը։
Նազելիի խնամակալությունը ստանձնած հորաքույրը շնորհակալություն հայտնեց բժիշկներին և խոստացավ՝ ինչքան հնարավոր է լավ պահել Նազելիին։
«Իմ նպատակն էր, որ քույր ու եղբայր միասին լինեն` հիմա ուրիշ նպատակ չունեմ»,–հուզված ասաց աղջկա հորաքույրը։
Արդեն իսկ հարազատ դարձած բժիշկների հետ գրկախառնվելուց հետո Նազելին հորաքրոջ հետ Գյումրի ուղևորվեց։
«Քեզ նոր կյանք»,– Նազելիին այս խոսքերով տուն ճանապարհեց ԲԿ–ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։
«Չեմ ուզում գնալ հիվանդանոցից». Գյումրիում ծեծված 13-ամյա Նազելին արդեն լավացել է
Հիշեցնենք, որ դեռ մարտի 5-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը` Նազելի Խաչատրյանը: Ամիսներ անց Նազելիի բուժումն արդյունք տվեց. օրերս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից հայտնել էին, որ երեխան արդեն լիովին բուժվել է, սակայն մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում` մինչև նրա խնամակալության հարցը լուծվի։
Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել. լուսանկար