ՌԱԴԻՈ

Քաղաքական ձախողումն ակնհայտ է. ո՞ր դեպքում Փաշինյանը կթողնի իշխանությունը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում առկա ներքաղաքական իրողություններին ու այդ համատեքստում հնարավոր քաղաքական զարգացումներին։
Sputnik
Քաղաքական ձախողումն ակնհայտ է. ո՞ր դեպքում Փաշինյանը կթողնի իշխանությունը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` այն, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ երկու տարվա ընթացքում ձախողվել է բոլոր բնագավառներում, ակներև է բոլորի համար, պարզապես կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը բացահայտ դարձրեց այդ իրողությունը, և եթե այլ ոլորտներում  ցուցանիշներն այդքան ակնհայտ չէին, ապա համավարակի դեմ պայքարում միանշանակ պարզվեց, թե ինչ աստիճանի անպիտան է իշխանությունը, որովհետև պոստ–կոմունիստական երկրների շարքում Հայաստանը փաստացի առաջին տեղն է գրավում կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով` չհաշված Բելառուսի տվյալները։

Վանեցյանն ու Մինասյանն ընդդեմ Փաշինյանի. արդյո՞ք ՀՀ վարչապետը մտահոգվելու պատճառ ունի

«Սա նաև ցուցիչ է, թե ինչ տիպի կառավարում ու կառավարողներ ունենք։ Ցանկացած նորմալ, քաղաքակիրթ երկրում իշխանությունը նման դեպքերում ինքնակամ հրաժարական է տալիս։ Կոնկրետ մեր պարագայում` թեև Արթուր Վանեցյանի հայտարարությունները ցանկալի են, սակայն թերահավատորեն եմ մոտենում այն հարցին, որ Փաշինյանն ինքնակամ հրաժարական կտա, քանի որ իշխանությունը նրա համար դարձել է ինքնանպատակ։ Թեև համավարակի պայմաններում դժվար է մարդկանց հոծ զանգվածներ ապահովել դրսում, բայց մինչև չլինի փողոցի ճնշումը, Փաշինյանը չի թողնի իշխանությունը։ Հասարակությունն արդեն արթնացել է ու հասկացել, որ իրեն երկու տարի առաջ խաբել են, մեծ մասն արդեն հետևություններ արել է, բայց մյուս կողմից կա հումանիտար աղետի խնդիրը, և մարդիկ այդ պատճառով չեն կարողանում իրենց բողոքն արտահայտել փողոցում»,– նշում է քաղաքագետը։

«Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն». Արթուր Վանեցյանի առաջարկը

Երվանդ Բոզոյանի կարծիքով` ԱՄՆ–ում Ջորջ Ֆլոյդի սպանությունը ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից` կարող է հասարակության մեջ լինել սոցիալական պայթյուն, և մարդիկ նույնիսկ իրենց առողջությունը վտանգելու գնով կգնան ծայրահեղ քայլերի, որպեսզի վերականգնեն արդարությունը։ 

Արթուր Վանեցյանն ընտրվեց կուսակցության նախագահ

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հորդորին, որ ԱԺ–ն պետք է նախաձեռնի ազգային համաձայնության կառավարության ստեղծում, Երվանդ Բոզոյանն ընգծում է, որ դրա համար իշխող ուժն ինքը պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է այդկերպ դուրս գալ առկա իրավիճակից, մինչդեռ Փաշինյանի թիմն ԱԺ–ում բաղկացած է 80 հոգուց, ու եթե այն չտրոհվի, ապա անիրական կլինի ազգային համաձայնության կառավարության կյանքի կոչումը։ Ըստ այդմ` քաղաքական թիմը պետք է իր թիկունքում զգա հանրության շունչը, իսկ դրա համար պետք է գործընթացներ ծավալվեն փողոցում։

«Քաղաքագիտական ու բնական օրենք է` մինչև չի լինում փողոցի ճնշումը, իշխանությունը չի գնում զիջումների։ Երբ Հայաստանում հումանիտար ճգնաժամը գրանցի որոշակի անկում, այդ ժամանակ հնարավոր կլինի փողոցի ճնշման արդյունքում լուծել առկա ներքաղաքական խնդիրները»,– համոզված է քաղաքագետը։ 

Այդուհանդերձ, Երվանդ Բոզոյանը նման գործընթացի համար այս պահին նախադրյալներ չի տեսնում և չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամորեն հրաժարական կտա, իսկ նրա թիմակիցներն էլ այնքան խիզախ չեն գտնվի, որ դուրս գան առաջնորդի դեմ։       

Ինչու է Արթուր Վանեցյանը որոշել մտնել քաղաքականություն. նա ներկայացրել է իր դիրքորոշումը