ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավարն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատուներն այսօր ոստիկանների ուղեկցությամբ 24 ժամով Գյումրիում կասեցրին հանրային սննդի, կահույքի սրահների, դեղատների գործունեություն:
Այս գործողությունները Գյումրիում արդեն 3-րդ օրն են իրականացվում: Առաջին օրը կասեցվել է 47, երկրորդ օրը՝ 19, այսօր` 9 տնտեսվարողի գործունեություն:
Կասեցման համար հիմք են ընդունվել հունիսի 1-ին Գյումրիում իրականացված ստուգումների արդյունքները:
932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է
ԱԱՏՄ-ն այսօր կասեցված օբյեկտներում հունիսի 1-ին հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ՝ չի եղել օգտագործված ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբաման, ջերմաչափման գրանցամատյան, բացակայել են սոցիալական հեռավորության գծանշումները, գրված չի եղել, որ մուտքն առանց դիմակի ու ձեռնոցի արգելվում է, ինչպես նաև բացակայել է գրառումը, որ ժամը 10:00-ից 12:00-ը պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի անձինք:
Գյումրու կենտրոնում գործող «ՏՐԵՑՈ» սրճարանում հունիսի մեկին արձանագրվել է սեղանների միջև համապատասխան հեռավորության բացակայություն, իսկ «Տաք կարկանդակում» նաև չի վարվել ջերմաչափման մատյան: Խնդիրը մեր այցի ժամանակ լուծված էր, սակայն գործունեության կասեցումն իրականացվեց:
«Գոնե վաղվանից կասեցրեք, կամ նախապես տեղեկացնեիք, որ այսքան հացաբուլկեղեն չթխեինք: Հմի որ փակեցինք, էս սաղ ապրանքը բդի թափե՞նք: Հատկապես, որ արդեն սաղ թերությունները վերացված են»,-վրդովվեց «Տաք կարկանդակի» աշխատակիցը:
Առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ արձանագրման պահին կասեցման լիազորություն իրենց տրված չէ: Տվյալները ներկայացնում են պարետատուն:
«Որոշումը պարետին է: Ուրախ ենք, որ մարդիկ մեր այցից հետո վերացրել են խախտումները, բայց պետք է դրանք պահեն անկախ ամեն ինչից: Սա ասում եմ, որովհետև դեպքեր ենք ունեցել, որ խախտումը վերացրել են, հետո մի քանի օր հետո գնացել ենք, տեսել` էլի նույն վիճակն է: Մարդիկ պետք է զգոն լինեն, չմտածեն` եկանք–գնացինք ու վերջ»,-ասաց պատասխանատուն:
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
Հավելենք, որ Գյումրիում մշտադիտարկում ու ստուգայցեր են կատարում նաև Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մշակվել են ոլորտային ուղեցույցներ, որոնք բաժանվել են տնտեսվարողներին։ Վերահսկող մարմինները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում՝ հետևելով պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմանը։
Երևանում ժամանակավորապես կասեցվել է մի շարք բուժկենտրոնների աշխատանքը