ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. «Միսս Հայաստան 2020» ազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչ Մամիկոն Դանիելյանը պատրաստվում է 2020 թվականի սեպտեմբերին անցկացնել մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ կընտրվի հաղթողը, իսկ այժմ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում։ Տեղեկությունը Դանիելյանը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Մրցույթին կարող են մասնակցել 17-27 տարեկան այն աղջիկները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, ունեն բարետես արտաքին և 168 սմ-ից բարձր հասակ։
«Բոլոր այն աղջիկները, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին, առաջիկա 1,5 ամսվա ընթացքում կարող են իրենց դիմում-հայտերը լրացնել miss-armenia.com կայքում։ Արդեն մոտ 50 աղջիկ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել»,-ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մրցույթի հետագա ընթացքը և կազմակերպչական հարցերը կախված են համավարակով պայմանավորված իրավիճակից։
Եթե Հայաստանում իրավիճակը շարունակի մնալ այսպիսին,ապա հնարավոր է, որ մրցույթը բացօթյա անցկացվի կամ օնլայն՝ առանց հանդիսատեսի։
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 24-30 աղջիկները պետք է տարբեր դասընթացներ անցնեն և պատրաստվեն հանրությանը ներկայանալուն։
Մրցույթի կազմկոմիտեի անդամ Աննա Դեմիրխանյանը շատ է ուզում, որ ընտրված գեղեցկուհին ներկայացնի իսկական հայուհու կերպարը, լինի գեղեցիկ, բարի, խելացի և որին հայ երիտասարդ աղջիկները ցանկանան նմանվել։
Գեղեցկուհի՞, թե՞ հրեշ. «Միսս Ամերիկա» մրցույթի ամենազգացմունքային կադրերը
«Եզրափակիչ փուլ անցած աղջիկների համար նախատեսել ենք շատ հետաքրքիր ծրագիր, որը կլինի կրթական, զարգացնող և հետագայում շատ կօգնի նրանց։ Աղջիկների հետ աշխատելու են լավագույն մասնագետները` սկսած հոգեբաններից, վերջացրած վոկալիստներով, որպեսզի նրանք ոչ միայն գեղեցիկ քայլեն, այլև տիրապետեն գրագետ խոսքին և էթիկայի կանոններին։ Կարճ ասած՝ պատրաստ լինեն հանրային դեմք դառնալու»,–ասաց Դեմիրխանյանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին «Միսս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանը, որը շատ ակտիվ է սոցցանցերում, մասնակցում է բարեգործական տարբեր ակցիաների և հասցրել է մի քանի ընկերությունների գովազդային դեմքը դառնալ։