Բանակից կիլոմետրերով հեռու մարդկանց Դավթյանն առաջարկում է չմտնել ԶՈւ-ի ոլորտ

Արտակ Դավթյանը խոսել է անորակ զենքեր ձեռք բերելուն առնչվող լուրերի մասին ու պատասխանել հնչող կարծիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որ կիլոմետրերով հեռու են ռազմական գործից, բանակից, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն առաջարկում է չմտնել ԶՈւ-ի ոլորտ և դիլետանտի մակարդակով դատողություններ չանել գնված տեխնիկայի շահագործման կամ արդյունավետության մասին: Դավթյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադարձել է հայտարարություններին, թե ԶՈւ-ում անորակ ռազմական տեխնիկա են գնում։

Նշենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանն էր նմանատիպ հայտարարություն արել` ասելով, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ, գնել են այնպիսի տեխնիկա, որը պիտանի չէ։

ԱԱԾ-ն կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները

««Խելոք» հնարամիտներին, «փորձագետներին» առաջարկում եմ, որ եթե այդքան մտածում են հայրենիքի, բանակի մասին և այդպիսի կարող ուժ են, թող դուրս գան ինտերնետային աշխարհից և հստակ առաջարկ ներկայացնեն: Օրինակ՝ նույն պայմաններով նույն տեխնիկան կամ ավելի լավ տեխնիկա բերեն մեր երկիր. պատրաստ ենք աշխատել նրանց հետ օրենքի սահմաններում՝ հանուն մեր երկրի բարօրության»,–ասել է Դավթյանը:

Հարցին, թե երկրի քաղաքական ղեկավարությունը կիսո՞ւմ է Դավթյանի մոտեցումը, վերջինս պատասխանել է, որ բանակը միայնակ չէ և երբեք միայնակ չի եղել. երկրի քաղաքական ղեկավարությունն իր ուժերի ներածի չափով ամենօրյա ռեժիմով աջակցում է ԶՈւ-ին:

Աննա Հակոբյանն ու եղբայրը դատի են տվել Միքայել Մինասյանին

Անդրադառնալով մայիսի 18-22-ն Ադրբեջանում իրականացված զորավարժություններին` Դավթյանն ասել է` ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը գնահատում է անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները: Նրա գնահատականով` միջինից բարձր զորավարժություն էր. հայկական կողմն էլ է հաճախ նման կարգի զորավարժություն անում:

Խոսելով լուրերի մասին, թե հակառակորդը վերջին շրջանում բավականին ակտիվացել է նախիջևանյան ուղղությամբ` Դավթյանը նշել է, որ Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն:

ՊՆ–ին փորձում են ներգրավել անորակ քաղաքական խաղերի մեջ. Բալայանը` Մինասյանի ասածի մասին

«Այո, նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխություն կա, չենք հերքում նաև, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց, իհարկե, մենք էլ, ձեռքներս ծալած չենք նստում և իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը»,–ասել է Դավթյանը։

Նա հավելել է, որ ԶՈւ–ն միշտ պատրաստ է ու զգոն:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 18-22–ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը զորավարժությունների մեկնարկից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանը միջազգային պայմանագրերով պարտավորություն ունի, ըստ որի`պետք է կանխավ հայտարարի զորավարժությունների մասին, սակայն դա չի արել։