«Խնդրում եմ՝ վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին»․ հուզված բժշկուհին դիմեց քաղաքացիներին

Բժշկուհու կարծիքով՝ կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվը խոսում է ժողովրդի ոչ միայն անզգուշության և անփութության, այլև ըմբոստության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի Sputnik. Արտաշատի բժշկական կենտրոնի կլինիկական աշխատանքների ժամանակավոր ղեկավար, ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը այսօր պարետատան նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ճեպազրույցում հուզիչ խոսքով դիմեց ՀՀ քաղաքացիներին։

Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է

«Ես հայտնվել եմ Արտաշատի ԲԿ-ում ինֆեկցիոն հիվանդանոցում վերապրոֆիլավորվելու շնորհիվ։ Եկել եմ Արտաշատ և թողել Երևանում թե ընտանիքս, թե աշխատանքս։ Մենք բժիշկներով ջանք չենք խնայում, որ ձեզ վերադարձնենք ձեր ընտանիքներին։ Խնդրում եմ՝ դուք էլ մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին»,- դողացող ձայնով ասաց Մուսեյանը։

Բժշկուհու կարծիքով՝ կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվը խոսում է ժողովրդի ոչ միայն անզգուշության և անփութության, այլև ըմբոստության մասին։

«Այս կանոնները պարետատան կանոնները չեն, բոլորիս կանոններն են։ Կորոնավիրուսը առողջապահական համակարգի խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, իսկ քոնը՝ ինձ»,- նշեց Մուսեյանը։

Փաշինյանն ու ընտանիքի անդամները մանրամասն բժշկական հետազոտություն են անցել

Նա հավաստիացրեց, որ բուժաշխատողները ոչ մի դեպքում հետ չեն քաշվի իրենց պատրաստակամությունից առ կյանքեր փրկելուն, սակայն հանրությունը նույնպես պետք է պատասխանատվություն զգա բուժաշխատողների և հանրության հանդեպ։

Նշենք, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 11 221-ի, առողջացել է 3468 մարդ, շարունակում են բուժվել 7509-ը, վարակվածներից 176–ը մահացել են։