ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ բանակում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին և հայտնեց, որ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածները հիմնականում պայմանագրային զինծառայողների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք:
«Զինված ուժերում ունենք կորոնավիրուսով վարակվածներ, և հիմնականում մեկուսացվածների շրջանակում են վարակը հայտնաբերվում։ Բոլոր վարակվածները մշտական հսկողության տակ են»,–ասաց Բալայանը։
Նրա խոսքով` վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է: Փոխնախարարը վստահեցրեց` պաշտպանության նախարարությունը չունի որևէ բանի պակաս` ո՛չ հիվանդասենյակների, ո՛չ դեղամիջոցների, ո՛չ էլ առանձնացված մահճակալների։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10524–ի։ Վերջին մեկ օրում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից (մահացածների ընդհանուր թիվը` 170)։ Առայսօր կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացել է 59 մարդ։