Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է

Արսեն Թորոսյանը կրկին շեշտել է, որ անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Դժբախտաբար, Հայաստանում արձանագրվել է Կավասակիի սինդրոմի դեպք 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Facebook–ի իր էջում տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ»,–գրել է Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, կանխավ պահեստավորել են հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք:

Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում

«Հուսամ` փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,–հավելել է Թորոսյանը:

Թորոսյանը թե' մեծահասակներին, թե' փոքրերին կոչ է արել խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը:

Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան

Անհրաժեշտ է սահմանափակել բոլոր ոչ կենսական շփումները միմյանց հետ` վարակի փոխանցման շղթաները կոտրելու համար:

Հիշեցնենք` հունիսի 2–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 10 009 մարդ։