ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Պաշտպանության նախարարությանը փորձում են ներգրավել անորակ քաղաքական խաղերի մեջ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե Հայաստանը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2008-ից ի վեր, երբ վարչապետի գլխավորությամբ ձևավորվել է ներկայիս կառավարությունը, որևէ երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում ի դեմս ՊՆ-ի, որևէ նմանատիպ գործարք տեղի չի ունեցել»,- ասաց Բալայանը:
Հարցին, թե փաստե՞ր չեն կարող ներկայացրել այդ առումով` փոխնախարարը պատասխանեց` բացառում է։ Նա դատարկ խոսակցություններ բնորոշեց տարածվող լուրերը։
Բալայանը հայտնեց, որ ԶՈւ–ի սպառազինությունը ձեռք է բերվում համաձայն ԶՈւ–ի զարգացման պլանի և մի շարք այլ պլաններով, և դա խորը պլանավորվող գործընթաց է։ Փոխնախարարը, միաժամանակ, նշեց, թե չի կարող ասել, որ այդ գործընթացը նաև անթերի է, և հնարավոր է եղել են գործընթացներ, որոնք տեխնիկապես բարեփոխման կարիք ունեն։
Բալայանը ասաց նաև, որ ակնկալում են հուլիսի սկզբին հրաձգային զենքի արտադրություն սկսել Հայաստանում։ Նա այլ մանրամասներ չհայտնեց։
Հիշեցնենք` մայիսի 30-ին նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները երրորդ անձանց միջոցով կազմակերպել են ռուսական զենքի առք, այնուհետ վաճառք երրորդ երկրներին։
Միքայել Մինասյանի անվան հետ կապվող բիզնեսների բաժնեմասերը կալանքի տակ են
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգելու է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները այն մասին, որ իշխանություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավված են զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ։