«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվածներ կան. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

«Մեյմանդարի» շուկայում արձանագրված դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, մոտ երեսուն հոգու բերման են ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզում գտնվող հայտնի «Մեյմանդարի» շուկայում այս գիշեր տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` երեկ «Մեյմանդարի» շուկայում լարված իրավիճակ էր։ Պարետի որոշմամբ՝ շուկայի աշխատանքները պետք է մեկ օրով կասեցվեին ավելի վաղ արձանագրված խախտումների պատճառով։

«Աչքներս լույս, բախտավոր բալիկ լինի...». Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Գյուղացիները բողոքում էին, որ նույնիսկ մեկ օրով իրենց ապրանքը շուկա չբերելը ծանր հետևանքներ կունենա իրենց համար. մի մասի մշակած գյուղմթերքն արդեն քաղված է, փչանում է, մյուս մասինն էլ քաղելու ժամանակն է, նույնիսկ մեկ օր ուշացնելն ապրանքի որակի վրա է ազդում։ Գյուղացիները վրդովվել էին, որ նախօրոք չեն տեղեկացվել որոշման մասին, իրենց ապրանքը բերել, շուկա են հասցրել։ Գյուղացիներից շատերը բողոքում էին, թե կողմնապահ վերաբերմունք է, ինչու են հենց «Մեյմանդարի» շուկան թիրախավորել։ Տեղում իրավիճակն այնքան էր թեժացել, որ շուկա էր ժամանել նաև Արմավիրի մարզի ոստիկանության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը՝ փորձելով հանդարտեցնել գյուղացիներին։

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ պարետի որոշմամբ երկու օր առաջ հրաման է իջեցվել մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում գործող գյուղմթերքի շուկաներում՝ հասկանալու համար` պարետի որոշումներն ու պահանջները կատարվում են, թե ոչ։ Նրա խոսքով` «Մեյմանդարի» շուկայում նման աղմուկ է բարձրացել, որովհետև այնտեղ հիմնականում աշխատում են ֆիզիկական անձինք, այդ պատճառով էլ հենց շուկայի աշխատանքը քսանչորս ժամով դադարեցնելու որոշում է կայացվել տեղում ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար։