Հանրային բաց վայրերում դիմակ կրելը պարտադիր կլինի. Տիգրան Ավինյան

Պարետ հասկանում է, որ դիմակ կրելը շատ անհարմար է, բայց այս փուլում միայն այդ միջոցն է մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր պարետատան նիստից հետո հայտնեց, որ պարետատունը նոր որոշում է կայացրել, ըստ որի` բնակելի տարածքից դուրս գտնվող հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը կլինի պարտադիր։

«Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել մինչև 6 տարեկան երեխաները, ինչպես նաև հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները»,–ասաց նա։

Ավինյանի խոսքով` հասկանալի է, որ շատ անհարմար է նման եղանակին դիմակ կրելը, սակայն այս փուլում միայն նման միջոցն է մնացել։

Փաշինյանը հասկացել է` ինչու մարդիկ չեն հետևում անվտանգության նորմերին

Ավինյանը հայտնեց, որ իրենց գործիքակազմում ունեն նաև ծայրահեղ միջոցներ` պարետային ժամ սահմանել, վերադարձ տնտեսական գործունեության և տեղաշարժի սահմանափակման հարց, սակայն, ըստ նրա, ներկա իրավիճակում փորձում են դեռ չդիտարկել այդ գործիքակազմը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի։

Անսպասելի ռեյդեր և շարժական անցակետեր. ոստիկանությունը «ներում–բեկում» չի ունենա