Կուտակումներն անթույլատրելի են. Կենտրոնական բանկը հերթերի դեմ պայքարի ձևեր է փնտրում

ՀՀ վարչապետը ժամանակ առ ժամանակ լուսանկարներ է հրապարակում, որոնցում երևում է կորոնավիրուսի պայմաններում քաղաքացիների կուտակումները։ Այդ հերթերի մեծ մասը նկատվում են բանկերի և փոստային բաժանմունքների մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի –Sputnik. ՀՀ ԿԲ–ն մեկնաբանել է վարչապետի այն հայտարարությունը, թե ԿԲ–ն պետք է կոմերցիոն բանկերի հետ մեկտեղ մեխանիզմներ մշակի քաղաքացիների հերթերը կանխելու համար։

«Աչքներս լույս, բախտավոր բալիկ լինի...». Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ԿԲ մամուլի  քարտուղար Հարություն Կբեյանը հայտնեց, որ կարգավորողը առևտրային բանկերին պարբերաբար կոչ է անում հնարավորինս անցնել քաղաքացիների սպասարկման առցանց ռեժիմի։

«Հենց այս պահին կոմերցիոն բանկերի ներկայացուցիչների հետ առցանց խորհրդակցություն է ընթանում։ Քննարկում են մարդկանց կուտակումները կանխելու միջոցները», – հավելեց Կբեյանը։

Նրա խոսքով`  բանկերին հանձնարարվել է կազմակերպել աշխատանքը` խստիվ պահպանելով անվտանգության բոլոր նորմերը։

«Հիմա պետք է «սպեցնազ» հանեմ, ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ». Փաշինյան

Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց` հորդորելով և կոչ անելով քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից:

«Խիստ անհրաժեշտության դեպքում բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելիս խնդրում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով», –ասվում է ԿԲ–ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում երեկվանից պարբերաբար քաղաքացիների կուտակումների լուսանկարներ է հրապարակում։ Այդ հերթերի մեծ մասը նկատվում են բանկերի և փոստային բաժանմունքների մոտ։ Իսկ սոցցանցի ուղիղ եթերում այսօր նա տեղեկացրեց, որ զրուցել է ԿԲ նախագահի հետ և հանձնարարել միջոցներ ձեռնարկել նման հերթերից խուսափելու համար։