Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով

ՀՀ վարչապետն անդրադարձել է Շենգավիթի միջոցառմանը և խնդրանքով դիմել քաղաքացիներին։ Արձագանքը չի ուշացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովված է համավարակի այս օրերին ՀՀ քաղաքացիների դրսևորած ոչ պատասխանատու վարքագծից։

Երեկ նա Facebook-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են բնակիչները տոնական միջոցառում կազմակերպել Շենգավիթ վարչական շրջանում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով` անտեսելով պարետատան պահանջները։ Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել էր զբաղվել այս միջոցառմամբ, գտնել կազմակերպիչներին։ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ կազմակերպիչները հայտնաբերվել են, նրանց նկատմամբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱԱԾ–ի բացահայտմանը։

«Դժվար է հավատալ, բայց պարզվում է, այս միջոցառումը կազմակերպել են թաղամասի ծնողները՝ երեխաների համար: Կազմակերպիչ ծնողները ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ թե քանի տատիկ և պապիկ կմահանա միջոցառման արդյունքում, կտեսնենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- Facebook-ի իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ խնդրելով հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել Facebook-ի իր էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշել խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում

Գրառմանն անմիջապես արձագանքել են օգտատերերը՝  վարչապետին ուղարկելով պարետի պահանջների խախտման դեպքերն արձանագրող լուսանկարներ։ Դրանցից մեկն արված է 33 համարի ավտոբուսում՝ երեկ ժամը 16:43-ին։ 

Մյուս լուսանկարն արվել է այսօր՝ ժամը 11.00–ին, Երևանի Մարգարյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի մոտ։

Լուսանկարում երևում է բազմամարդ հերթը։ Ոչ միայն պահպանված չէ սոցիալական հեռավորությունը, այլև հերթում կանգնածները չունեն դիմակ, ձեռնոցներ։

Այսպես մեկը մյուսի հետևից վարչապետը Facebook-ի իր էջում հրապարակում է օգտատերերից ստացած տեսանյութերն ու լուսանկարները։

Հիշեցնենք, որ Հայաստանումկորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 009–ի։ 3427-ն առողջացել են, 158-ը` մահացել։