Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում

Լուսանկարից պարզ է դառնում, որ ավտոբուսում չեն պահպանվում հանրային տրանսպորտի համար սահմանված պահանջները։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները տուն գնում աշխատանքից հետո։

«Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»,- լուսանկարին կից գրել է վարչապետը։

Լուսանկարից պարզ է դառնում, որ ավտոբուսում չեն պահպանվում հանրային տրանսպորտի համար սահմանված պահանջները։ Աշխատակիցները թեպետ դիմակներով են, բայց առանց ձեռնոցների։ Բացի այդ, լուսանկարից կարելի է դատել, որ ավտոբուսը գերբեռնված է, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող անվտանգ սոցիալական հեռավորության մասին։

Փաշինյանը նաև նշել է, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան, պարետի որոշմամբ, վաղն առավոտից կփակվի 72 ժամով:

Հիշեցնենք, որ ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 009–ի։ 3427-ն առողջացել են, 158-ը` մահացել։