Կնորոգվի 500 կմ ճանապարհ. Նոր Գեղիում և Արամուսում ասֆալտի նոր գործարաններ են բացվել

Սուրեն Պապիկյանի խոսքով` նախատեսվում է, որ մինչև 2024 թվականը գոնե 70 տոկոսով բարեկարգ լինեն Հայաստանի ճանապարհները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Facebook–ի էջում տեղեկացնում է, որ Նոր Գեղիում և Արամուսում ասֆալտի նոր գործարաններ են բացվել։ 

«Հայաստանում կապիտալ ճանապարհաշինարարության համար հատկացվել է 22 մլրդ դրամ, նորոգվելու է 500 կմ ճանապարհ»,–նշված է կառավարության տարածած ռեպորտաժին կից։ 

Նոր Գեղիում բացված ասֆալտի գործարանն այժմ 1 ժամում 110 տոննա ասֆալտ է արտադրում, սակայն կարող է այդ ծավալը հասցնել 250 տոննայի։

Հիսունի փոխարեն 240 տոննա է արտադրում. Պապիկյանը ասֆալտի գործարաններ է այցելել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով` մինչև 2024 թվականը նախատեսվում է, որ գոնե 70 տոկոսով բարեկարգ լինեն Հայաստանի ճանապարհները։

«Չնայած կորոնավիրուսային վիճակը խանգարում է մեր աշխատանքին, սակայն այդ խոչընդոտները կհաղթահարենք»,–ասում է նախարարը։

Հիշեցնենք, որ մայիսի 24–ին Պապիկյանն այցելել էր Արամուսում և Նոր Գեղիում գտնվող ասֆալտի գործարան։

Դեռ նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թ. հիմնանորոգվել է շուրջ 360 կմ պետական նշանակության ճանապարհ, և սա այնքան է, որքան 2013-2017 թթ. կատարված նույնանման աշխատանքները. փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում 5 տարում էր կատարվում: