Կիևից հատուկ չվերթ է լինելու. ինչ փաստաթուղթ պետք է ունենան Երևան եկող քաղաքացիները

Բոլոր ուղևորները պետք է ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ ծանուցագիր ստորագրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար ևս մեկ հատուկ չվերթ է կազմակերպվում։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին՝ ժամը 15։10-ին, կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչք։ Չվերթն իրականացնում է ուկրաինական SkyUp ընկերությունը, մեկ ուղղությամբ ավիատոմսի արժեքը 189 եվրոյին համարժեք ուկրաինական հրիվնա է:

«Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղափոխվելու են իրենց կողմից նախապես տրամադրած հասցեներով։ Բոլոր ուղևորները պետք է ստորագրեն ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ ծանուցագիր»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Այս չվերթով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող կամ ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Նրանք պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Դեսպանությունը շեշտում է, որ ինքնաթիռում առկա է միայն 99 նստատեղ, և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության։ Դիվանագիտական ներկայացուցչությունը խնդրում է Հայաստան վերադառնալ ցանկացողներին շտապ հաշվառվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում։ 

Նշենք, որ այս պահին ազատ է միայն տասը նստատեղ։ Դեսպանության տվյալներով՝ հունիսի 2-ի դրությամբ հաշվառված է 89 ուղևոր, սակայն հնարավոր են հրաժարվողներ։ Ավիատոմսերի համար կարելի է վճարել օդանավակայանում՝ մեկնելուց առաջ։

Հավելենք, որ մեկ ուղևորի ավիատոմսը ներառում է մինչև 7 կգ ձեռքի մեկ կտոր ուղեբեռ, մինչև 3 կգ մեկ իր և մինչև 23 կգ կշռող 1 կտոր ուղեբեռ։ Լրացուցիչ ուղեբեռի համար անհրաժեշտ է հավելյալ վճարել օդանավակայանում։

Դեսպանությունը տեղեկացնում է, որ թռիչքն իրականացվելու է Կիևի «Բորիսպիլ» օդանավակայանի F տերմինալից։ Անհրաժեշտ է, որ ուղևորներն օդանավակայանում լինեն թռիչքից առնվազն 2,5 ժամ առաջ։

Եվս մեկ չարտերային չվերթ. ՀՀ քաղաքացիները կարող են տոմս գնել ու վերադառնալ Մոսկվայից