ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` Հայաստանում ներքին զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա։ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով հարցին, թե հայտնի՞ է` հայերի մուտքը որ երկրներ է արգելված լինելու` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։
Նշենք, որ հուլիսի 1-ից Վրաստանը բացելու է իր սահմանը զբոսաշրջիկների համար, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից ռիսկային երկրների, այդ թվում` Հայաստանի զբոսաշրջիկների առջև։
«Նախորդ տարի Հայաստանում ներքին զբոսաշրջության ոլորտում 41 տոկոս աճ ենք ունեցել, և դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկոս աճ ունենաք։ Իհարկե, պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն էլ համաճարակային իրավիճակի հետ կապված սահմանները փակել է մի շարք երկրների քաղաքացիների համար։ Ուստի, ըստ վարչապետի, տրամաբանական է, որ այս իրավիճակում յուրաքանչյուր երկիր իր կանոնն ունի և այլ զարգացումներ չեն կարող լինել։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու ընտանիքի բոլոր անդամները կորոնավիրուսով են վարակվել։ Նրանք մեկուսացել են վարչապետի կեցավայրում, որևէ մեկն ախտանշաններ չունի։
Ծովի փոխարեն` Թբիլիսի, լյուքսի փոխարեն` հոսթել. ի՞նչ է սպասում հայաստանցի զբոսաշրջիկին