Հայաստանի ավիաընկերությունները ներառվել են Եվրոպական հանձնաժողովի «սև ցուցակում»

Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքը վերլուծելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած ՝ «սև ցուցակում»։ ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` այսուհետ հայկական ավիաընկերությունների վրա շահագործման արգելք կտարածվի, քանի որ չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին: Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքը վերլուծելուց հետո։

Հայաստանից ԵՄ չվերթերի դադարեցման հարց չի քննարկվում. Քաղավիացիայի կոմիտե

«ԵՄ-ի թռիչքների անվտանգության ցուցակը պետք է օգտագործվի որպես գործիք, որը ավիաընկերություններին ու ցուցակում ներառված երկրներին կօգնի վերանայել ու բարելավել թռիչքների չափանիշները։ Հանձնաժողովը Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության աջակցությամբ պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում թռիչքների անվտանգության բարձրացման համար»,– ասել է Տրանսպորտի հանձնակատարր Ադինա Վալեանը:

«Սև ցուցակում» են ընդգրկվել նաև Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և մի քանի այլ պետություններ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ հայկական ավիաընկերությունները ԵՄ «սև ցուցակում» կընդգրկվեն ապրիլին։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հերքել էր այդ տեղեկությունը։

Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չէ. Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է աուդիտորի նամակը