«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

Վանեցյանն ու Մինասյանն ընդդեմ Փաշինյանի. արդյո՞ք ՀՀ վարչապետը մտահոգվելու պատճառ ունի

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ