Գևորգ Կոստանյանը կորոնավիրուսով է վարակվել

ՀՀ նախկին գլխավոր դատախազը Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում է բուժվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Իրավունք» թերթը գրում է, որ «Մարտի 1»-ի աղմկահարույց գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս այս օրերին Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսից:

«Իրավունքը» փորձել է Կոստանյանից իմանալ` որքանո՞վ են լուրերը իրական։

«Վատառողջ եմ, այո: Ավելին ասել չեմ ցանկանում: Բոլորին առողջություն եմ միայն մաղթում»,– պատասխանել է նա։

Հիշեցնենք` Գևորգ Կոստանյանը դեռևս 2019թ–ի սեպտեմբերին «Մարտի 1»-ի գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

«Քննությանը չներկայանալու պատրվակ». ՀՔԾ–ն պատասխանել է Գևորգ Կոստանյանի առաջարկությանը

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: Դատարանն էլ Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով