ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով` ապացույցները կեղծելու և գույքային վնաս պատճառելու համար։
Նշենք, որ ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին։
«Ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Խնդիրն այն է, որ 2019թ. հունվարի 8-ին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է բեռի փոխադրման մասին պայմանագիր, ըստ որի՝ վերջինս պարտավորվել է պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռները հասցնել նշանակման վայր: Պայմանագրի հիման վրա իրականացված բեռնափոխադրումների համար կազմված 17 հաշիվ-վավերագրերի արդյունքում «Դաֆ Ալկո Տրանսի» հանդեպ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» պարտքը 2019 թ. ապրիլի 3-ի դրությամբ կազմել է 120.735.150 ՀՀ դրամ։ Սակայն այդ գումարը չի վճարվել:
2019թ. օգոստոսի 1-ին «Դաֆ Ալկո Տրանսը» դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ վերոհիշյալ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով։ Ընկերության հայտը դատարանի կողմից վարույթ է ընդունվել:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենն իր ստորագրությամբ հասատելով կեղծել է «Դաֆ Ալկո Տրանսի» հետ կնքած պայմանագիր–փաստաթուղթը։ Այնուհետև այդ կեղծ փաստաթղթի պատճենը որպես ապացույց օգտագործելով, իր ընկերության ներկայացուցչի միջոցով 2019թ. սեպտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Դաֆ Ալկո Տրանսի» ` 2019 թ. հունվարի 8-ին կնքված բեռի փոխադրման մասին պայմանագիրը և «Դաֆ Ալկո Տրանսի» անվամբ դուրս գրված հաշիվ վավերագրերը անվավեր ճանաչելու պահանջների մասին։ ԱՅս հայցը նույնպես դատարանի կողմից ընդունվել է վարույթ:
Վերոհիշյալ կեղծ փաստաթղթի պատճենն օգտագործելով որպես «Դաֆ Ալկո Տրանսի» պահանջը հերքող ապացույց՝ սնանկության գործի քննության ընթացքում 2019 թ. օգոստոսի 30-ին դատական նիստի ժամանակ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենն իր ընկերության ներկայացուցչի միջոցով ներկայացրել է սնանկության դատարանին:
Արդյունքում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենը դատարաններում, որպես ապացույց, ներկայացուցչի միջոցով օգտագործելով իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ փաստաթուղթը, դիտավորությամբ խաբեության եղանակով խոչընդոտել է «Դաֆ Ալկո Տրանսին»` ստանալ բեռնափոխադրումների արդյունքում գոյացած 120.735.150 ՀՀ դրամ գումարը։
Հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է։
«Արտառոց ոչինչ չենք տեսնում». Տոնոյանը` Ծառուկյանի ընկերություններում ստուգումների մասին