«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է մահացածների տվյալների արտահոսքն ու մեղադրում պարետատանը

Մարուքյանը նշել է, որ արտահոսքը բարոյական հարված է հասցրել նաև մահացածների հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների տարածմանը: 

Ազգային ժողովը տապալեց հեռախոսային շփումները վերահսկելու նախագծի ընդունումը

«Համացանցում հրապարակվել են նոր կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները, ինչով խախտվել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը։ Վստահաբար բարոյական հարված է հասցվել նաև մահացածների հարազատներին»,- գրել է Մարուքյանը Facebook-ի իր էջում։

Նա նաև հավելել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է այս արարքը և գտնում, որ դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը։ ԼՀԿ-ի կարծիքով՝ տվյալների այս արտահոսքը «բացթողնման ուղղակի հետևանքն է»։

Դուք այսինչ օրը շփվել եք այսինչի հետ. նա վարակակիր է, պետք է ինքնամեկուսանաք

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես անդրադարձել է այս դեպքին և Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում արել։Նա նշել է նաև, որ եղածը կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։ Սակայն, ըստ Մարտիրոսյանի, կապ չունի, թե ինչի մասին է խոսքը, քանի որ երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները պաշտպանված չեն։

Մարտիրոսյանը պատգամավորներին կոչ է արել ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների ու անկախ մասնագետների և «տեր կանգնել» մեր բոլորի տվյալներին։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների տվյալներն այսօր հրապարակվել են Facebook-յան էջերից մեկում։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ տվյալների արտահոսքի համար արդեն դիմել են իրավապահներին։

«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է մահացածների տվյալների արտահոսքն ու մեղադրում պարետատանը