Հայաստանը` «սև ցուցակում», կամ ինչպես փրկել քաղաքացիական ավիացիան

Քաղաքացիական ավիացիայի փորձագետ Դմիտրի Աթբաշյանը նշել է «սև ցուցակից» դուրս գալու բանաձևը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ թռիչքների անվտանգության «սև ցուցակում» հայտնվելը բացասաբար է անդրադառնում հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման և հետագա գործունեության վրա, սակայն իրավիճակը դեռ կարելի է փրկել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքացիական ավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Աթբաշյանը։

Հայաստանի ավիաընկերությունները ներառվել են Եվրոպական հանձնաժողովի «սև ցուցակում»

Այսօր՝ հունիսի 2-ին, հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած ՝ «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ Եվրոպական միության շրջանակում շահագործման արգելքը կտարածվի հայկական ավիաընկերությունների վրա, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։

Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն:

«Դա շատ վատ կարգավիճակ է։ Այն շատ վատ կազդի Հայաստանի քաղավիացիայի ոչ միայն զարգացման, այլև գոյության հնարավորության վրա։ Մեր ավիացիոն իշխանությունները պետք է օբյեկտիվ հետևություններ անեն իրենց հասցեին հնչած քննադատություններից և միջոցներ ձեռնարկեն, այլապես ավիացիա չի կարող լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Աթբաշյանը։

Ըստ նրա՝ այդ ցուցակում հայտնվելու պատճառը վերահսկողության բացակայությունն է։ Աթբաշյանը նշեց, որ ոլորտի մասին գիտելիքները բավական չեն արդյունավետ աշխատանքի համար, պետք է նաև այդ ամենը ղեկավարել և ամեն ինչ գրագետ անել։ Նա համարում է, որ ամբողջ խնդիրը հենց հսկողության անհրաժեշտ համակարգի բացակայությունն է։

Փաշինյանը մնաց առանց ավիացիոն խորհրդականի. ի՞նչ կոնֆլիկտ կար Ճաղարյանի ու Ռևազյանի միջև

«Ինքնաթիռներն այստեղ թռչում են առանց հսկողության, իսկ անվտանգությունն ապահովելու համար ինքնաթիռի յուրաքանչյուր թռիչքն ու յուրաքանչյուր րոպեն պետք է վերլուծության ենթարկվեն օբյեկտիվ վերահսկողության միջոցով, ինչը տեղի չի ունենում։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես են դրանք թռչում, ինչ խախտումներով, ինչ արագությամբ ու թռիչքային քաշով»,- ընդգծեց Աթբաշյանը։

Տաթևիկ Ռևազյանը մեղավոր չէ. Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է աուդիտորի նամակը

Նա հիշեցրեց Սոչիի աղետը, որը տեղի ունեցավ 2006թ-ի մայիսին, ինչից հետո Armavia հայկական ավիափոխադրողը սնանկացման եզրին հայտնվեց։ Այն ժամանակ «Արմավիայի» տնօրեն Միքայել Բաղդասարովը Աթբաշյանին հրավիրեց որպես խորհրդատու՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից։

«Ես նրան ասացի՝ թռիչքների վերահսկողության համակարգ ներդնի և հայտարարի, որ իրենք կարողացել են անվտանգության համակարգը նոր մակարդակի բարձրացնել։ Մտածեցին, համակարգը գնեցին, երկու մասնագետ վերապատրաստեցին, հետո հրավիրեցին եվրոպացիներին և ցուցադրեցին»,- պատմեց Աթբաշյանը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները բառացիորեն շշմած էին մնացել, որ Armavia-ում թռիչքների անվտանգությունն ու կազմակերպումը այդքան բարձր մակարդակով են իրականացվում։

Աթբաշյանի կարծիքով՝ Հայաստանը կարող է դուրս գալ այս իրավիճակից։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին նա խորհուրդ տվեց առնվազն կես տարի աշխատել, պրոֆեսիոնալների թիմ հավաքել և ապացուցել, որ Հայաստանում բոլոր թռիչքները վերահսկվում են, և եթե ինքնաթիռը հայկական ծածկագիր ունի, ապա ամեն ինչ կարգին է։