ԱԱԾ-ն գնացել է վարչապետի հանձնարարականի հետքերով. հարուցվել է վարչական վարույթ

ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են միջոցառման կազմակերպիչներին, որոնց նկատմամբ ոստիկանությունը հարուցել է վարչական վարույթ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

«Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև մեր և մեր հարազատների առողջությունը չվտանգելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները:

Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:

Վանեցյանն ու Մինասյանն ընդդեմ Փաշինյանի. արդյո՞ք ՀՀ վարչապետը մտահոգվելու պատճառ ունի

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։