Զորամասերից մեկի հրամանատարին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

Զորամասերից մեկի հրամանատարը զորամասի էլեկտրաէներգիայի ու գազի մի մասն օտարել է այլ մարդկանց, ինչպես նաև կաշառք է վերցրել` մեկին աշխատանքի ընդունելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

«N զորամասի հրամանատարը 2018թ. ապրիլից մինչև 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելով` զորամասի կարիքների համար 1կվ-ը միջինը 41 դրամով հատկացված էլեկտրաէներգիայի մի մասը 1կվ-ը 9 դրամի դիմաց օտարել է «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի թիվ 5 տեղամասի պետին։ Նույն քայլն արել է նաև «Արտյոմ Մուրադյան» ԱՁ-ի փաստացի սեփականատիրոջ` զորամասի տարածքում գործող խանութ-թեյարանի սեփականատիրոջ հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հրամանատարը նշված գործողություններն իրականացրել է նախապես վերոհիշյալ անձանց հետ պայմանավորվելով։ Նրա գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառվել է ավելի քան 25 մլն դրամի վնաս:

ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ գողացել և վաճառել են մոտ 85 տոննա ավիավառելիք. ԱԱԾ

Բացի այդ, զորամասի հրամանատարը 2019թ. սկզբներից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի և հրամանատարի թիկունքի գծով տեղակալի հետ փոխադարձ ստուգման ակտերում զորամասի կարիքների համար հատկացված բնական գազի մի մասը 1 մ3-ը 23 դրամի դիմաց շուրջ 3 մլն դրամով օտարել է «Գազպրոմ Արմենիայի» Գյումրու մասնաճյուղի աշխատակիցներ Ա.Ջ–ին և Ռ. Ջ.-ին։ Դա էլ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ և պետությանը պատճառվել է շուրջ 16 մլն դրամի վնաս:

Պարզվել է նաև, որ զորամասի հրամանատարը 2019թ փետրվար-մարտ ամիսներին նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի միջոցով տեղեկանալով, որ նույն զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահը ցանկանում է, որ զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակվի կինը, ֆինանսական ծառայության պետի միջոցով որպես կաշառք պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար։ Դրանից հետո զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահի կինը նշանակվել է զորամասի ակումբի պետ:

ՊԲ–ի զորամասերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. տեսանյութ

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 375-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այսինքն` պաշտոնեական կեղծիքի, իշխանությունը չարաշահելու և կաշառք ստանալու համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

«Մեղրիի գնդի» գործով մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի և զորամասի հրամանատարին