ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թեպետ աշխատանքային շփում ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց առայժմ կորոնավիրուսի թեստ չի հանձնի, քանի որ որևէ ախտանշան չունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա օգնական Անի Բաբայանը։
«Չի հանձնի թեստ, քանի որ բոլոր նրանք, ովքեր անմիջական շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակներ կրել և այլն»,–ասաց նա։
Նրա խոսքով` այս պահին Գրիգորյանը չունի ախտանիշներ և բժշկական ցուցում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։
Հայաստանում հունիսի 1–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 9492 է։ Մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 210 մարդ։