Ինչպես է վարչապետ Փաշինյանի ինքնազգացողությունը. խոսնակը տեղեկություններ է հաղորդել

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ինքնազգացողությունը լավ է։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը  Facebook-ի իր էջում տեղեկություններ է հաղորդել ոչ միայն վարչապետի առողջական վիճակի մասին, նաև նշել է, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

«Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն»,- գրել է Գևորգյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան օրը նշում է տանը՝ ընտանիքի հետ մեկուսացած։ Վաղ առավոտյան Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում նա հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։  Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել, ամեն օր աշխատանքի մեկնելուց առաջ ջերմաչափվել է, ջերմություն չի ունեցել։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։