ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վաղը` հունիսի 2–ին, 350 թեստ կարվի Հայաստանում արտադրված թեստերով. պարետատան նիստից հետո տեղեկությունը հայտնեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Վաղը հայկական արտադրության 350 թեստ կտրամադրենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին քաղաքացիներին թեստավորելու համար։ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն օրական 3000-5000 թեստ կարող է արտադրել, որը հնարավորություն կտա բավարարել մեր ներքին պահանջարկը»,–ասաց Ավինյանը։
Նրա խոսքով`այս փուլում չի քննարկվում սահմանափակումների ռեժիմ վերադառնալու հարցը։ Պարետը նշեց` հետևում են միջազգային փորձին ու այլ երկրների գործողությունների տրամաբանությանը։
Ավինյանը նշեց նաև, որ ենթադրվում է` ամառվա կեսերից օդային փոխադրումների իրականացմանը կանդրադառնան` համապատասխան կանոնների մշակումից հետո։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 դեպք և մահվան 55 անուղղակի դեպք:
Կորոնավիրուսը բուժող դեղ Հայաստանում չի փորձարկվում. ինչ է իրենից ներկայացնում «Հելթ թոնը»