Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է մայիսի 28-ի Առաջին հանրապետության տոնակատարություններին, ինչի հետ կապված կրկնակի թեստավորում է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դառնալուց հետո, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները հայտնի կլինեն այսօր երեկոյան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

ՀՀ կառավարության անդամների մասսայական թեստավորում չի անցկացվի

«Հարությունյանը մեկ անգամ արդեն թեստավորում անցել է, բարեբախտաբար բացասական է եղել արդյունքը։ Բայց կրկնակի թեստավորում ենք անցկացրել, որի արդյունքը հավանաբար հայտնի կլինի օրվա վերջին», - նշեց նա։

Պողոսյանը հավելեց, որ մայիսի 21-ի երդմնակալության արարողությունից  հետո որևէ խնդիր չի առաջացել, բոլոր մասնակիցները թեստավորվել են, և արդյունքները բացասական են եղել։ Կրկնակի թեստավորումը իրականացվում է, քանի որ Հարությունյանը մասնակցել է նաև մայիսի 28-ի Առաջին հանրապետության տոնակատարություններին։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։