Կորոնավիրուսը բուժող դեղ Հայաստանում չի փորձարկվում. ինչ է իրենից ներկայացնում «Հելթ թոնը»

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել` ի պատասխան լուրերի, թե Հայաստանում արդեն կորոնավիրուսը բուժող դեղամիջոց է շրջանառվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանում գտել են կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց, չի համապատասխանում իրականությանը։

««Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց»,– գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը:

Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ուսումնասիրել էր մայիսի 16-ին «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում հաղորդավարի այն անդրադարձը, թե կորոնավիրուսի բուժմանն աջակցելու նպատակով փորձարկվում է «Հելթ թոն» (Health tone) անհայտ ծագման դեղամիջոցը։

Կենտրոնը կապ էր հաստատել «Ռիա Ֆարմասյութիքլ» ՍՊԸ-ի տնօրեն Եվգենյա Մելքոնյանի հետ։ Նա հայտնել էր, որ «Հելթ թոն»-ը ոչ թե փորձարկումների փուլում գտնվող ինչ-որ դեղորայք է՝ ստեղծված COVID-19-ի բուժման համար, այլ սննդային ակտիվ հավելում՝ հակաօքսիդանտ։