ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Տարեդարձի առիթով նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում գործընկերության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։
Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ։
Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ
Վարչապետ Փաշինյանն իր ծննդյան օրը նշելու է տանը՝ ընտանիքի հետ մեկուսացած։ Այսօր առավոտյան Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում նա հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել և հետևել են հակահամաճարակային կանոններին։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։