ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հանրաքվեն: Եթե մեր ընդդիմադիր գործընկերների մտավախությունն այն է, որ այս նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015 թվականի Սահմանադրությանը, ապա պետք է ասեմ՝ այո,մենք դա անելու ենք»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունելու դեպքում արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց գնահատմամբ՝ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Մարուքյանի ելույթից հետո 20 րոպե ընդմիջում խնդրեց, ապա մասնակցեց քվեարկությանը և դեմ քվեարկեց նախագծին:
Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 83 կողմ և 16 դեմ ձայներով:
Կառավարությունը փոխում է «Հանրաքվեի մասին» օրենքը. ի՞նչ կլինի արտակարգ դրությունից հետո
Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով: