ԵՐԵՎԱՆ – 30 մայիսի – Sputnik. Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գալինա Կոժևնիկովան և հաղորդավար, բժիշկ-թերապևտ Ելենա Մալիշևան համոզված են, որ Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չկա, սա ընդամենը պիկն է։
Փորձագետները ռուսական Առաջին ալիքի «Դոկ-տոկ» ամենօրյա հաղորդման ընթացքում քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ երկրում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքն է սկսվել։
Հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը հարցրել է, թե ինչ ալիք է դա, և ինչու են Հայաստանում առաջին ալիքը դեռ չանցած` խոսում երկրորդի մասին` հաշվի առնելով, որ երկու օրում երկրում մոտ 700 քաղաքացի է վարակվել։
«Երկրորդ ալիք չէ, այլ համաճարակային գործընթացի շարունակություն։ Նրանք հասնում են պիկին և պարզապես ժամանակային առումով հետ են մնացել Ռուսաստանից և այլ երկրներից կամ էլ սկսել են ավելի լավ թեստավորել։ Բայց հաստատ սա երկրորդ ալիքը չէ»,-ասել է Կոժևնիկովան։
Ելենա Մալիշևան նույնպես նշել է, որ միանշանակ խոսքը երկրորդ ալիքի մասին չէ։
Միաժամանակ Գորդոնը հավելել է, որ երկրորդ ալիքը կարող է սկսվել այն ժամանակ, երբ գոյություն ունեցող գործընթացն ավարտվի, և թվերը զրոյական դառնան։ Այդ զրոյական թվերից կարող է նոր աճ սկսվել։
Մայիսի 30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8927-ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 3317 մարդ, բուժվում են 5435-ը։ Արդեն 57081 թեստավորում է իրականացվել։ Հիվանդությունից մահացել է 127 մարդ, ևս 48 վարակակիր մահացել են այլ հիվանդությունների պատճառով։