Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմեն Վրաստանին

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փոխօգնությունը մեծ դեր ունի Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Նա հիշեց նաև, թե ինչպես է ժամանակին Հայաստանը օգնել Վրաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում վստահեցրեց, որ համաճարակի առաջին օրվանից ակտիվ համագործակցել են Վրաստանի հետ և այդ համագործակցությունը շատ արդյունավետ են համարում։

Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ

«Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է և ջերմացնում է մեզ նման պատրաստակամությամբ։ Եթե անհրաժեշտություն ծագի աջակցության, մենք իհարկե կարող ենք դիմել Վրաստանին, սակայն մենք անում ենք ամեն ինչ, որ դրա կարիքը չլինի»,–ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ փոխօգնությունը մեծ դեր ունի Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Մասնավորապես Հայաստանը 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Վրաստանին 30 000 դոզա պատվաստանյութ է փոխանցել։

«Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, աջակցենք։ Իսկ համաճարակներն ընդհանուր սպառնալիք են»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք` Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։

Նա ընդգծել էր` երկու երկրները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը։